
-Մեր գրադարանի համար անասելի հետաքրքիր էր ի մի բերել ու ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը, հայ ժողովրդի երևելի ու տաղանդավոր զավակներին, նրանց գործունեության մասին պատմող թող որ ոչ ամբողջական, բայց գրավիչ ու բովանդակալից այս գրքերն ու լուսանկարները: Ձեր ինքնատիպ մշակույթի հետ հաղորդակցվելով, ասես նորովի ես զգում այն վիթխարի ծառայությունները, որոնք հայ ժողովուրդը մատուցել է մարդկությանը, — ցուցադրության բացման իր խոսքում ասաց գրադարանի վարիչ տիկին Տատյանա Լիրչանինան:

— Ես միշտ ասում եմ՝ բելառուսները իմ ճանաչած ամենահոգևոր արժեք կրող ժողվուրդներից են: Եվ դրա հաստատումն է նաև այս ցուցադրությունը, — իր խոսքում նշեց Բելառուսում Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:- Երբ մի ազգ ունակ է գնահատել մեկ ուրիշ ազգի հոգևոր ու մշակութային արժեքները, նա դրանով առաջին հերթին փաստում է իր մեծ ու արժանավոր լինելը: Անչափ շոյված ենք Ձեր այս սքանչելի նախաձեռնության համար:
Այնուհետև, ՀՀ դեսպանը ներկաներին պատմեց Հայոց պատմության ու մշակույթի ամենաուշագրավ դրվագների, Մատենադարանի հարստությունների, քրիստոնեական առաքելության, ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելու իրողության, հայկական խառնվածքի ու բնավորության յուրահատկությունների մասին:
Մինսկի ԱՊՀ Գործադիր Կոմիտեում նախագահական գրադարանի մասնաճյուղի Հայոց առաջին հանրապետության՝ Մայիսի 28-ի տոնին նվիրված այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան թանկ է անկախ պետականությունը յուրաքանչյուր ժողովրդի համար: Եվ դրա վկայությունն էր նաև այս միջոցառումը:
Մանվել Մկրտչյան
